Երեկ Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի տիրանվեր հոգևորականները կարևոր հայտարարություններ են տարածել , որով անհնարին են համարում կատարել դատարանների որոշումները` ճանաչելու որպես հոգևոր սպասավորներ կարգալույծ 2 քահանաներին Արագածոտնի թեմում և Արման Սարոյանին (նախկին Գևորգ եպիսկոպոս)` որպես թեմի առաջնորդ Մասյացոտնի թեմում:
Հարցեր են ծագում նման որոշումներ կայացրած դատավորներին:
1. Արդյո՞ք դատարանի որոշումը «վերականգնել» մեկի քահանայական կարգը, ով այլևս հոգևորական չէ ոչ միայն կանոնական իրավունքով, այլ զրկված է քահանայական շնորհներից, դա կենցաղային մակարդակում նման չէ մի բանի, երբ
դատարանը որոշի, որ ասենք բժիշկն այսուհետ ինժեներ է աշխատելու, կամ հակառակը։
2. Դուք կարդացե՞լ եք Աստվածաշնչից. «Գնացէ՛ք, տուէ՛ք կայսրինը՝
կայսեր եւ Աստծունը՝ Աստծուն» (Մատթ. 22:21): Չե՞ք կարծում, որ դատավորը, որպես «կայսրի» (պետության) ներկայացուցիչ, ունի իշխանություն գույքի, քաղաքացիական իրավունքների և այլ աշխարհիկ հարցերի վրա, սակայն հոգևոր շնորհի բաշխումը, ձեռնադրությունը և «կապելու ու արձակելու» իրավունքը պատկանում են միայն Աստծուց վերապահված Եկեղեցական իշխանությանը։
3. Դուք տեղյա՞կ եք, որ հոգևոր խորհուրդներ կատարելու փորձը և իմիտացիան աշխարհական կարգալույծի կողմից սրբապղծություն է, քանի որ տվյալ անձն իրեն է վերագրում աստվածային շնորհներ, որոնցից ինքը զրկված է եկեղեցական իշխանությամբ: Նա խաբում է մարդկանց, թե գործում է Սուրբ Հոգու անունից, ինչը հայհոյություն է ըստ Աստծվածաշնչի:
4. Դուք տեղյա՞կ եք, որ հոգևոր ասպարեզում գործում են հոգևոր օրենքներ, որոնք աշխարհիկ օրենքների տրամաբանությանը չեն ենթարկվում: Դրանք սահմանել է հենց Աստված: Դրանք հաստատ են, անփոփոխ մինչև այս աշխարհի վախճանը:
5. Կարդացե՞լ եք Աստծո հրամանը դատավորներին. «Դատաստան անելիս կողմնակալութիւն չանէք։ Հաւասարապէս կը դատէք փոքրին ու մեծին։ Ոչ մէկի հանդէպ աչառութիւն մի՛ արէք, որովհետեւ դատաստանը Աստծունն է։ Ձեր ուժից վեր գործը կը յանձնէք ինձ, որ ես լսեմ» (Բ Օր. 1:17): Սա նշանակում է, որ դատավորներն էլ դատվելու են Աստծո կողմից:
6. Արդյո՞ք աշխարհական մեկին դատարանի վճռով Եկեղեցուն պարտադրելը ճանաչել որպես հոգևորական հիմնված է ճշմարտության վրա: Չէ՞ որ կարգալույծի եկեղեցական խորհուրդներ (այդ թվում Պատարագներ մատուցելը, մկրտելը, պսակելը և այլն) կատարելու թվացյալ լիազորությունները հոգևոր տեսանկյունից պատրանք և կեղծիք են:
7. Արդյո՞ք նման որոշումը օրենքով սահմանված Եկեղեցու ներքին ինքնավարության կոպիտ խախտում չի:
8. Արդյո՞ք նման որոշմամբ դատավորը պատասխանատվությունը չի կիսելու կարգալույծների անվավեր ծեսերին չմկրտվածների, ֆեյք պատարագներին մասնակցած ու Ս.Հաղորդություն չստացածների, թաղման կարգով չթաղվածների, խոստովանած թողություն չստացածների հոգիների կորստյան համար:
9. Արդյո՞ք նման որոշումները չեն նպաստում կարգալույծների կողմից շարունակական սրբապղծության իրագործմանը:
10. Արդյո՞ք այսքանն իմանալուց հետո դուք չմտահոգվեցիք:
Շնորհակալ եմ կարդալու, անկեղծ խորհելու և մտորելու համար:
Սամվել դպիր Գրիգորյան